֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊(մի քիչ երկար է ստացվել, բայց կարդացեք մինչև վերջ)
Անձրևը համառորեն ծեծում է իմ պատուհանը.
- Վե՛ր կաց, վե՛ր կաց:
- ՈՒ՞ր վեր կենամ, որտե՞ ղ գնամ, ո՛չ տուն ոնեմ, ո՛չ գործատեղ, հարազատներս, ընկերներս ու աշակերտներս ցրվել են աշխարհով մեկ, չենք էլ հասցրել հրաժեշտ տալ:
- Հիշողություննե՞ր էլ չունես։
- Իմ էությունից մնացել են միայն ցավոտ հիշողությունները:
֊- Մարիամին հիշեցի (մեր հաճախորդն էր)։ Պատերազմին նախօրդող օրն էր, համատարած սով, երեխաների հաց աղերսող լացակումած աչքեր, նույն արտասվախառը մերժող հայացքներ, տատիկների դողացող ձեռքեր՝ իրենց վրա ունենալով կտորե մեծ պայուսակներ, որոնք… «ճիտին պարտքի» պես երբեք չէին լցվում. սով էր, այս բառի բուն իմաստը կհասկանա նա, ով այդ ժամանակ եղել է Արցախում:
Այդ օրը նույնպես անձրև էր ու շատ ցուրտ, և մարդկանց մի հոծ բազմություն էր հավաքվել մեր հացի փուռի առաջ:
Ի՜նչ պիտի անեինք, քանի որ ալյուրը (եթե կարելի էր ալյուր համարել` կեսն անասնակեր էր) շատ սահմանափակ էր։
Բազմության միջից առանց անձրևանոցի մի կին ձեռքով նշաններ էր անում, որ իրեն մոտենամ, իսկ բազմությունը ճեղքեու և իրեն մոտենալու համար առնվազն «վերջին հերոսը» պիտի լինեիր:
Այնքան աղեկտուր էր Մարիամի ձայնը, որ ես թողեցի աշխատասեղանս ու մոտեցա.
- Ի՞նչ է եղել, Մարիա՛մ։
- Նելյա՜ ծյոծ, շները խոխիս հետանըն պրծալ, վըննան կծալ,-ու ցույց տվեց փաթաթած ոտը,-բայց դարդս տա չի, կես հացեն տալոնն էլ կուրցրալա,- ասում է ու լացում,- ժամը վեցին նիյըմ ըրալ տեղերը (4 երեխա ուներ), քոն չըն ինում էտ լակուտնեն, սովածըն։ Հի՞նչ անիմ, Նելյա ծյոծ, խոխեքս աշքես ըռըչին կուտորվումն, մարդս էլ պոստերումա, նդեղ էլ հաց չկա,- ասում է ու լալիս։
- Մարիա՜մ ջան, գնա՜ տուն (մոտակայքում էր ապրում), հերթը շատա, մի բան կանենք։
Մի բան արեցինք, մի սպիտակ կարմրաթուշ հաց թխեցինք ու տվեցինք նրան։ Վերջին պահին նա իր նիհար ձեռքերով պինդ, շատ պինդ գրկեց ինձ ու երերացող քայլերով անհետացավ աղջամուղջի մեջ:
...Գիշերվա երեքին տուն էի վերադառնում՝ պինդ սեղմած երկու պիրաշկիները. հացս զիջել էի, գոնե դա որդիս կուտեր:
Խուսափում էի գիշերային հավաքարարներից, որովհետև ճանաչում էին ինձ, և չէի դիմանում նրանց աղերսող հայացքներին:
- Ա քու՜ր, ա քու՜ր վեննը կաց, պենընք ասում...
Ինձ հետ կանգնեցին նաև մի ոհմակ շները, որոնք նաև իրենց բաժինն էին ակնկալում.
- Ա քուր, ախր հացին վըտը ընգալա ստեղեք, կարողա՞ Արսենին փուռը աշխատում ա...
- Չէ, ալյուր չկա..
- 3 օրա թոռներս սովածմ պառկացնում, ասում սաղ Գիքորընք դարձել, ուրանք էլ թա՝լհա Գիքորեն պաներ հացն տամ, մունք էտ էլ չօնինք...,-պատմում էր կինն ու արտասվում...
Պայուսակից հանեցի երկու պիրաշկիները ու ասացի՝ կտանես թոռներիդ։
Չսպասեցի շնորհակալական խոսքերին ու փախա:
Փախա ինձանից, փախա շներից, որոնց այդ օրը սոված թողեցի, փախա իրականությունից:
Նստեցի լռած-պապանձված շատրվանների պուրակում. ուշ գնամ՝ տղաս քնած լինի... թե չէ իսկական արմագեդոնը էդ ժամանակ կլիներ:
Էստեղ էլ բախտ չունեցա, նա էլ սոված էր ու սպասում էր ինձ:
Հաջորդ օրը պատերազմ էր։ Որդիս մի ոստյունով վերցրեց զինվորական ուսապայուսակը և դուրս նետվեց՝ սոված փորով:
...Հիմա քաղաքամայր Երևանի սուպերմարկետն եմ մտել և քայլերս ակամայից տարան հացի բաժին…
Անուշաբույր, կարմրաթուշ, բազմատեսակ, զինվորների պես հավասար կանգնած են դարակներում ու ասես խոսում են ինձ հետ. մարդկային լեզուն էր բացակայում, նրանք միայն մեր հացի բույրը չունեին, մեր Ցավի,Կամքի, Կարոտի համը չունեին... ընդամենը հաց էին...
Հսկող գործակատարը մոտեցավ ինձ.
- Սաղը թարմ են,որի՞ց եք ուզում…
- Յուրաքանչյուրից մեկ-մեկ… Ցելոֆան պետք չէ, ես ունեմ...
Աղջիկը ներողամիտ ժպտաց.
- Արցախի՞ց եք, հիմա ո՞ր թիվն ա, որ…
Ես էլ ժպտացի. սիրելիս, այդ թիվը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից , մենք խցանվել մնացել ենք մեր սոված երկրում, մենք մեր պայուսակներում միշտ ունենալու ենք միանգամյա, բայց հարյուր անգամ մաքուր լվացած տափակած ցելոֆանե տոպրակներ, մեր տղաները սոված գնացին պատերազմ, և շատերն էլ սոված նահատակվեցին, մեր վառված տղաները չէին դիմանում դեղերին ու կաթիլայիններին, որովհետև սոված էին և սովից թելի պես բարակել էին նրանց երակները...
- Որտե՞ղ ես, Մարիա՜մ, գոնե հիմա երեխաներդ կշտացա՞ն հացից... որտե՞ղ եք ինձ անծանոթ-ծանո՜թ հավաքարարներ, գոնե հիմա կու՞շտ են ձեր թոռնիկները մտնում անկողին… որտե՞ղ եք, իմ հողմահալա՜ծ հայրենակիցներ...
...Անձրևը համառորեն ծեծում է պատուհանս, որն իմը չէ.
- Վե՜ր կաց,վե՜ր կաց...
- ՈՒ՞ր վեր կենամ, ո՛չ տուն ունեմ, ո՛չ Հայրենիք, ո՛չ էլ սպասող... հիշողություններն էլ հոշոտում են հոգիս...
Չէ, ի՜նչ եմ ասում՝ հա՛մ Տուն ունեմ, հա՛մ Հայրենիք, հա՛մ էլ Սպասող...
Արցախս ու գերեզմաններս սպասում են ինձ, պիտի երթանք մեր Հայրենիք...
Նելի ՍԱՀԱԿՅԱՆ